Շիրվանզադե Ալեքսանդր՝ Զուր հույսեր | |
— Հանգստացիր սիրելիս, — մխիթարում էր նա Մարիամին մայրական քնքշությամբ: — Պառավների խոսքով ասած, գրողը տանի այդ տղամարդերին: Արժե՞ նրանց համար այդպես տանջվել, այն էլ քեզ նման սիրուն աղջկան: Ո՞ւմ վրա ուշադրություն դարձնես, որ քեզ համար չի գժվի: Եթե ինձ հարցնես, ես կասեմ՝ թող իսկի ոչ ոք էլ չսիրի քեզ: Չե՞ս կարող առանց տղամարդի ապրել: Աստված վկա, կարող ես: Ինչո՞ւ ես ապրում եմ, և վճռել եմ ապրել մինչև մահ: Գիտե՞ս ինչից է, որ դու այդքան տանջվում ես. որովհետև զբաղմունք չես ունեցել մինչև օրս: Հապա, ինձ նման սիրիր աշխատանքը, տես կմոռանաս, թե չէ:
— Սովորեցրու ինձ, սովորեցրու մոռանալ, Սաթենիկ, և ես կմոռանամ, — արտասանեց Մարիամը հուզված, նայելով ընկերուհու աչքերին և նախանձով նրանց մեջ փայլող հոգեկան մխիթարիչ անդորրությանը:
— Աչքիս վրա: Բարեհաճիր նստել բանիդ: Մարո, հավատացիր, աշխատանքից ավելի սիրելի բան չկա, մանավանդ երբ տեսնում ես աշխատանքիդ պտուղքները: Տե՛ս, այդ կոպտացած մատներս իմ սրտի ամենամեծ մխիթարիչներն են: Արի վաղը առավոտյան ինձ մոտ, տանեմ քեզ իմ ուսումնարան, դու կտեսնես այնտեղ իմ խոսքերի ճշմարտությունը: Տես, այնտեղ իմ փոքրիկ աշակերտուհիները ինչպես են բանում, ինչպես են աշխատում: Անկեղծ եմ ասում, երբ նայում եմ նրանց, երբ տեսնում եմ, թե ինչպես նրանց փոքրիկ ձեռները օրեցօր ավելի ու ավելի վարժվում են, մի հպարտություն եմ զգում, եռանդս ավելանում է: «Ահա իմ աշխատանքի պտուղը, ասում եմ ինքս ինձ, այդ աղջիկները, այդ աղքատ ընտանիքների զավակները արհեստ են սովորում ինձանից: Նրանցից ամեն մեկը ժամանակին կարող է յուր գլուխը պահել, ով գիտե, ծնողներին էլ պահել յուր ձեռքի աշխատանքով, ինչպես ես այժմ պահում եմ ինձ և երկու փոքրիկ քույրերիս»: Մարո, երկու տարի շարունակ արտասահմանում ես լսել եմ իմ ուսուցիչներից. «սիրիր աշխատանքը, սիրիր, և դու միշտ բախտավոր կլինես»: Այժմ տեսնում եմ, թե որքան ճշմարիտ էին այդ խոսքերը: Այո, աշխատանքը կարող է մարդուս բախտավորեցնել:
— Երանի թե ես էլ քո ճանապարհով գնացած լինեի, — ասաց Մարիամը, հառաչելով: — Դու քո բախտը խելքով ապահովեցիր, ես իմը թողի սրտիս կամքին:
— Չէիր կարող ուրիշ կերպ անել, հոգիս: Իմ ճանապարհով գնալու համար հարկավոր էր, որ դու ոչ գեղեցիկ լինեիր, ոչ հարուստ: Հարստությունը և գեղեցկությունը ծուլացնում են մարդուն: Հիշո՞ւմ ես, ինչպես ես ցավեցի, ինչքան հառաչեցի առաջին անգամ, երբ լսեցի, որ քեզ զրկել են ժառանգությունից: Ես ցավում էի անկեղծ, որովհետև կարծում էի, որ հարստությունը քեզ համար կյանք է դարձել, որ առանց նրան դու դժբախտ ես: Բայց երբ դու հաստատ մտքով ինձ ասացիր, թե ուզում ես հասարակ արհեստավոր դառնալ, ուրախացա: Ես տեսա, որ հարստությունը քեզ չի փչացրել: Այժմ ես ուրախ եմ, որ դու զրկվել ես քո օժիտից, բայց աստված ոչ անի, զրկվես քո մյուս օժիտից — գեղեցկությունից: Պահպանիր գեղեցկությունդ, պահպանիր և օրինակ դարձիր մյուսների համար, թե գեղեցիկ կինն էլ պիտի աշխատի, թե կնոջ զարդը միայն գեղեցկությունը չէ, ինչպես կարծում են թեթևամիտ մարդիկ: Գիտե՞ս, ինձ շատերն են ասել, թե եթե ես տգեղ չլինեի, արհեստ չէի սովորիլ, կմտածեի միայն մարդու գնալու մասին: Չգիտեմ, բայց կարծում եմ, որ սխալվում են...
Այստեղ Սաթենիկը լռեց և խաղաղ ժպտաց Մարիամի երեսին: Եվ նրա ժպիտը արտահայտեց մի տեսակ մելամաղձություն, արդյո՞ք դա նրա անվերադարձնելի կերպով կորցրած գեղեցկության հիշատակը չէր: Արագությամբ հետ դարձնելով յուր խոհոմե ճակատի վրա սփռված սև գանգուր մազերը, վարժուհին, կարծես, այդպիսով վանեց յուր թախիծը և ավելի ոգևորված շարունակեց գովել աշխատանքը: Մարիամը լսում էր նրան սիրով և հաճությամբ, նրա յուրաքանչյուր խոսքի մեջ որոնելով մի-մի սփոփանք յուր վշտացած սրտի համար:
Նա տուն վերադարձավ այդ օրը սովորականից ուշ: Երկար ժամանակ Սաթենիկի խոսքերը հնչում էին նրա ականջում: Սակայն վրա հասավ երեկոյան խավարը, և նա կրկին անձնատուր եղավ յուր սովորական անհաղթելի վշտերին:
Արդեն հոկտեմբերի վերջն էր, աշնան խոնավությունը տեղի էր տալիս մոտալուտ ձմեռվա ցրտերին:
Ռուբենի համար ավելի ու ավելի զգալի էր դառնում նյութական պակասությունը: Հարկավոր էին մի քանի նախապատրաստություններ ձմեռվա համար, իսկ ամսական ռոճիկը նրանց առօրյա պիտույքներն անգամ չէր լրացնում: Ռուբենի մասնավոր դասեր էր որոնում, բայց անհաջող, տարվա միջոցը անհարմար էր, ամենքը խոստանում էին ամառվա սկզբին: Եվ մի կողմից նյութականը, մյուս կողմից քրոջ բարոյական դրությունը, օրից-օր կրկնապատկում էին երիտասարդի հոգացողությունը: Նա տեսնում էր, որ այդպես թողնել Մարիամին չի կարելի, որ մի կերպ պետք է վերջ դնել նրա վշտին:
— Մարո, — ասաց նա մի օր ճաշից հետո, — արի այս երեկո, թատրոն գնանք:
Մարիամը նախ զարմացավ, ապա նայելով եղբոր աչքերին, գուշակեց նրա միտքը և կատակի ձևով պատասխանեց:
— Գնանք, երևի փող շատ ունես գրպանումդ:
— Ունեմ, ունեմ, այսօր ռոճիկս ստացել եմ: Այսուհետև ավելի կունենամ, խոստացել են դասերս ավելացնել: Բացի դրանից, անպատճառ մասնավոր դասեր էլ կգտնեմ: Շուտով, շուտով մենք կապահովվենք նյութապես, — ավելացրեց նա շինծու ոգևորությամբ:
— Լավ, երբ կհարստանաս, այն ժամանակ զվարճության մասին էլ կմտածենք: Իսկ այժմ իրավունք չունենք:
— Իրավո՞ւնք, — գոչեց Ռուբենը, — ո՞վ է այդ իրավունքը մեզանից խլում: Մարո, խնդրում եմ, աշխարհից բոլորովին մի կտրվիլ: Լավ չէ, քեզ համար մի քիչ զվարճություն անհրաժեշտ է: Նայիր հայելիի մեջ, տանը փակված մնալով, տես ինչպես փոխվել ես:
Եվ նա շարունակեց համոզել: Շռայլություն չէ ամսական գոնե մի երկու անգամ մի տեղ գնալը: Ով աշխատում է, նա իրավունք ունե և զվարճանալու: Ինչո՞ւ փախչել հասարակությունից: — Նրա համար, որ առաջ հարուստ էին համարվում, այժմ աղքա՞տ են:
— Եթե այդ է պատճառը, նախապաշարմունք է, սիրելի Մարո: Աղքատությունը ամոթ բան չէ, ամոթ է աղքատությունից ամաչելը: Ոչ ոք իրավունք չունի մեզ ծաղրելու: Իսկ եթե ծաղրողներ լինեն, միթե չե՞ս կարող այդպիսիներին աըհամարհել:
Նա շատ լավ գիտեր, որ Մարիամի հասարակությունից փախուստ տալու պատճառը աղքատության զգացումը չէ, բայց հեշտելով այդ հանգամանքը, կամենում էր կպչել նրա ինքնասիրությանը: Գիտեր, որ միայն այդպիսով կարող էր համոզել քրոջը:
— Ես ոչ ոքից չեմ քաշվում մեր աղքատության պատճառով, — պատասխանեց Մարիամը զգացված, — խնդրում եմ այդ մասին այսուհետև չխոսես:
— Որ այդպես է, թատրոն չենք գնալ, այլ մի ուրիշ տեղ: Վաղը երեկոյան հայոց բալն է, ես շատ եմ ցանկանում մի անգամ մի տեղ տեսնել այստեղի հասարակությանը: Գնա՞նք վաղը միասին:
Մարիամը գլուխը թեքեց կրծքին: Նրա հոնքերը սեղմվեցին, ճակատը դարձյալ պատեց տխրության քողով: Հիշեց նա, որ այդ երեկույթի կարգադրիչը Նատալիան է լինելու: Գնալ այնտեղ, ուր այդ գոռոզ արարածը, նրա անհաշտ հակառակորդը, յուր փքված մոր հետ պիտի փայլեն, — ոչ ոչ, նա չի կարող: Սակայն նույն վայրկյանին նրա գլխում զարթնեց մի այլ միտք: — Անշուշտ Մելիք-Բարսեղյանը այնտեղ կլինի, անշուշտ նա չի արհամարհիլ մի այդպիսի հանդիսավոր երեկույթ: Ինչ կանի բժիշկը այդ երեկո, ո՞ւմ հետ կխոսի, ո՞ւմ հետ կզբոսնի, կամ գուցե կպարի: Եվ զգում էր նա, որ չի կարողանում դիմանալ յուր սրտի ձգտմանը, որ հակառակ յուր կամքի, հիվանդոտ հետաքրքրությունը մղում է նրան դեպի այնտեղ, ուր պետք է լիներ բժիշկը: Այո, պետք է գնալ, պետք է տեսնել նրան: Այդ երեկո վերջապես կվճռվի նրա բախտի խնդիրը: Հասարակության մեջ մի թեթև վարմունք, մի որոշ շարժմունք անգամ կարող է դրականապես պարզել բժշկի հոգին:
«Այն ժամանակ ես կհամոզվեմ և կհանգստանամ», վճռեց Մարիամը:
Հետևյալ օրը դարձյալ տոն էր: Ռուբենը օգնում էր Մարիամին տնալին գործերում, երբ պատշգամբի վրա հանկարծ երևաց Հալաբյանը: Ռուբենը չզարմացավ, բայց փոքր-ինչ շփոթվեց: Նա դուրս շտապեց հյուրին դիմավորելու և հարգանքով հրավիրեց ներս:
— Ես եկել եմ հայտնելու, որ ձեր հորեղրոր գործերը հաջող են գնում, — ասաց ամուրին, միանգամայն ընկերաբար թոթվելով երիտասարդի ձեռը:
— Եվ իհարկե, ձեր շնորհիվ, — ավելացրեց Ռուբենը, հրավիրելով նրան նստել, — թույլ տվեք կրկին անգամ հայտնել շնորհակալությունս:
— Ես երաշխավոր եղա, նրա երկու վեքսիլները փոխեցին մեկը վեց հազարի, մյուսը ութ հազարի, — շարունակեց Հալաբյանը մի առանձին ինքնագոհությամբ: — Էգուց էլ մի քիչ փող կգտնեմ, կտամ, հետո էլ վախենալու բան չկա, ձեր հորեղբայրը կազատվի անպատվությունից. Թող նա գա, ձեր ոտները համբուրի, դուք եք նրան ազատողը:
Արտասանելով այս խոսքերը մյուս սենյակում լսվելու չայի բարձր ձայնով, Հալաբյանը նայում էր աջ ու ձախ: Պարզ էր, որ նա Մարիամին էր սպասում:
Դարձյալ Ռուբենը ոգևորվեց, դարձյալ Հալաբյանը նրա առաջ պատկերացավ իբրև մի ազնիվ, բարեսիրտ մարդ, յուր տեսակի մի ասպետ: Մտքում նա մինչև անգամ մեղադրեց Մարիամին, որ այնքան ուշանամ էր մի այդպիսի հյուրին ներկայանալու: Թվում էր նրան, թե ամենաչնչին մի անուշադրություն չպետք է թույլ տալ այդ մարդու վերաբերմամբ, թե նա արժանի է ամենախորին հարգանքի, թե վերին աստիճանի անքաղաքավարություն կլինի չհարգել նրան, մի այդպիսի հազվագյուտ մարդու: Ահա ինչու նա չկարողացավ զսպել իրան, անցավ մյուս սենյակ և Մարիամին խնդրեց շուտով դուրս գալ:
— Ես չեմ կարող նրան երևալ, — հակառակեց Մարիամը, — դու զբաղեցրու, ես գործ ունեմ:
— Անկարելի է, նա կկարծի, որ չես ուզում նրա երեսը տեսնել, ամոթ է Մարո, նա մեր հորեղբորր ազատել է խայտառակությունից, հասկանո՞ւմ ես:
Մարիամը ակամա հնազանդվեց եղբոր թախանձանքին. ակամա, որովհետև այչևս կասկած չուներ, որ Հալաբյանի այցելությունն աննպատակ չէ: Նա փոխեց յուր վերնազգեստը և դուրս եկավ:
Վայրկենաբար ամուրիի հոգեկան տրամադրությունը փոխվեց: Նա հազիվ կարողացավ զսպել յուր ուրախությունը, շտապեց առաջ և հարգանքով սեղմելով օրիորդի ձեռը, արտասանեց.
— Հուսով եմ, որ իմ այցելությոմեը հանդգնություն չեք համարիլ, մեր վաղուցվա ծանոթությունը ինձ իրավունք տվեց: Առո՞ղջ եք:
Մարիամը գլուխը թեթև խոնարհեցրեց և նստեց սենյակի մի անկյունում:
— Եկել եմ ձեր եղբորը հանդիմանելու, — շարունակեց Հալաբյանը, — ամեն օր տանս առաչով անցնում է, գոնե երկու օրը մի անգամ էլ չի մտնում: Շատ ցավում եմ, որ բարեկամությունը որդուց-որդի ժառանգաբար չի անցնում, — դարձավ նա Ռուբենին, — եթե իմանայիք ձեր հայրը ինչքան էր սիրում ինձ, այդպես չէիք վարվիլ ինձ հետ: Հանգուցյալը մի օր ինձ չտեսնելիս, տխրում էր: Միշտ ինձ ասում էր. «ես քեզ սիրում եմ որդուս պես, որովհետև քո հանգուցյալ հայրդ ինձ սիրել է յուր որդու պես»: Ախ, Գրիգորի Միրոնովիչ, ես երթեք չեմ մոռանալ քեզ:
Եվ նա վերջին խոսքերը այնպիսի զգացված ձայնով և խորհրդավոր եղանակով արտասանեց, որ կարելի էր կարծել, թե յուր հարազատ հոր մասին է խոսում:
Հոր հիշատակը դուրս հանեց Մարիամի կրծքի խորքից մի հառաչանք, որ նա, սակայն, շտապեց զսպել:
Հալաբյանը շարունակեց յուր խոսքը և հետզհետե մեկից մյուսին անցնելով, սկսեց խոսել յուր մասին: Նա գանգատվեց, որ յուր օրերը, տխուր են անցնում: Կյանքը առհասարակ ձանձրալի բան է: Նա բավական զզվել է հասարակությունից, չգիտե ինչպես հեռու ապրել նրանից:
Հետո նա շատ անփույթ կերպով ակնարկեց յուր հասարակական դիրքը: Յուր հարստությունը, այն հարգանքը, որ վայելում է զանազան շրջաններում: Եվ այս բոլորը նա յուր խոսակցության մեջ անցկացրեց մի այնպիսի վարպետությամբ: Օրինակներով և փաստերով, որ թվում էր, թե խոսում է լոկ խոսելու համար և ոչ մի ուրիշ նպատակով:
Քանի մի րոպե Մարիամի կասկածը մեղմացավ, տեսնելով, որ Հալաբյանը խոսելիս ավելի Ռուբենին է դառնում, քան իրան: Նա չգիտեր, որ այդ մի տեսակ քաղաքականություն է ամուրիի կողմից: Նա հիմարություն համարեց յուր երկյուղը մի մարդուց, որ բացի բարեսիրտ և քաղաքավարի լինելուց, առայժմ ոչինչ չէ ցույց տալիս: Նա մինչև անգամ սկսեց խոսել Հալաբյանի հետ: Ռուբենը հաղորդել էր նրան մոսիո Վախվախյանի պատմած անցքը իշխան Սահարունիի մասին:
— Էէէ, ոչինչ բան է, — պատասխանեց Հալաբյանը օրիորդի հարցին, — իշխանը մի փոքրիկ վեճ է ունեցել ձեր հորեղբոր պարտատերերից մեկի հետ, ուրիշ ոչինչ:
Անտանելի էր Հալաբյանի համար խոսել այն բաների մասին, որ չէին բխում նրա սրտից, որ չէին համապատասխանում նրա այժմյան զգացմունքներին: Խոմ երկար թաքցնել չէ կարելի, խոմ, վերջապես պետք է պարզվի նրա միտքը: Բայց ինչպես պարզել — դիմե՞լ ուղղակի Մարիամին: — Ոչ, ոչ, այդ անկարելի է: Եվ Հալաբյանը զգում էր, որ երբեք այդչափ քաջություն չի ունենալ: Դիմել Ռուբենին: — Այդ ավելի դյուրին է: Նա բարեսիրտ երիտասարդ է, խելոք է, ժամանակակից, ազատամիտ: Նա է Մարիամի միակ մեծը և պաշտպանը, և նրա հետ կարելի է պարզ սրտով խոսել:
Մինչ նրա ուղեղը զբաղված էր այս խորհրդածություններով, լեզուն խոսում էր այլ բաների մասին, ժամանակը անցնում էր: Նա չէր կամենում ձանձրացնել Մարիամին, պետք էր հրաժեշտ տալ, և նա ոտքի կանգնեց:
— Ես միշտ տանն եմ լինում, որ ժամին էլ գաք, ուրախ կլինեմ, — ասաց նա, կրկին և կրկին խնդրելով Ռուբենին այցելել իրան:
Նախքան դուրս գալը, նա մի հայացք ձգեց յուր շուրջը: Մինչև այդ րոպե նա լավ ուշադրություն չէր դարձրել աղքատիկ բնակարանի անշուք կահ-կարասիի վրա: Անսովոր չքավորությունը տարօրինակ ազդեցություն գործեց նրա վրա: Նա և՛ ուրախ էր, և՛ խղճում էր Ռուբենին ու Մարիամին: Ա՛խ, որպիսի հաճությամբ նա կօգներ, եթե իմանար, թե չի վիրավորիլ նրանց ինքնասիրությունը: . Նա չէր ուզում դուրս գալ, նա կամենում էր որևէ կերպով առաջարկել յուր օգնությունը Ռուբենին: Հանկարծ մի միտք լուսավորեց նրա ուղեղը: Մարիամը արդեն անցել էր յուր սենյակը, րոպեն հարմար էր:
— Դուք ժամանակ ունե՞ք մասնավոր դասերով պարապելու, — հարցրեց նա Ռուբենից:
— Ինչու չէ:
— Ես մի քրոջ որդի ունեմ, գիմնազիայի հինգերորդ դասատան աշակերտ է: Դուք, երևի, նրա մեծ եղբայրներին ճանաչում եք: Անկարգ տղերք են, ես գիտեմ, որ դուք նրանց չեք հավանիր բայց այդ մեկը, ամենից փոքրը, խելոք տղա է, ես միայն նրան եմ սորում, ուզում եմ, որ մյուս եղբայրների նման կիսատ-պռատ ուսում չառնի: Կհամաձայնե՞ք դասեր տալ նրան մինչև հարցաքննությունների ժամանակ:
Ռուբենը հաճությամբ հայտնեց յուր պատրաստակամությունը:
Նա ուրախացավ, որ մի բանով կարող է յուր հորեղբոր օգնողի բարության փոխարենը մասամբ հատուցանել:
— Երբ որ հրամայեք, պատրաստ եմ:
— Թե ժամանակ ունեք, հենց էգուցվանից սկսեցեք: Գիտեք, ես ուզում եմ նրան մյուս եղբայրներից հեռացնել: Նրան կբերեմ իմ տուն, դուք էլ տանս կպարապեք նրա հետ: Պայմանների մասին չեմ խոսում, որքան կամենաք...
— Առանց որևէ պայմանի, պարոն Հալաբյան, — ընդհատեց Ռուբենը: — Դուք իմ հորեզբորս օգնելիս, պայման չառաջարկեցիք:
— Լավ, լավ, էգուց եկեք, կխոսենք, — շտապեց ավելացնել Հալաբյանը, վախենալով, որ մի գուցե Ռուբենը բոլորովին հրաժարվի:
Ամուրին հեռացավ մի փոքր թեթևացած սրտով: Ախորժելի էր նրա համար ամեն կերպ պարտավորեցնել Ռուբենին և այդպիսով մասամբ բարոյապես կաշկանդել նրան:
— Լսեցի՞ր, Մարո, — դարձավ Ռուբենը Մարիամին, Հալաբյանին ճանապարհ դնելուց հետո, մտնելով քրոջ սենյակը, — նա ինձ խնդրեց, որ յուր քրոջ որդու հետ պարապեմ: Ուրեմն ես մի փոքրիկ բանով պարտքս կթեթևացնեմ, այնպես որ...
— Ռուբեն, — ընդհատեց Մարիամը եղբոր խոսքը, — այդ պարոն Հալաբյանը շատ լավ մարդ է, բարի է, բայց...
— Բա՞յց:
— Ես չեմ ուզում, որ նա մեզ այցելե:
— Պատճա՞ռը:
— Հենց այնպես, չեմ ուզում:
— Ասա, Մարո, առանց պատճառի չի լինիլ, ասա, եթե մի բան կա:
— Ի՞նչ կապ մեր և նրա մեջ, ասա խնդրեմ, նա հարուստ է, մենք աղքատ:
— Նա հարուստ է, մենք աղքատ — հետո՞, այդ է բոլորը:
— Ես կարծում եմ այսքանն էլ բավական է, որ մնցյալը դու հասկանաս: Ուրիշ ասելիք չունեմ:
Արտասանելով վերջին խոսքերը, Մարիամը հանդարտ վեր կացավ տեղից ու դուրս գնաց: Ռուբենը զարմացած նայեց նրա հետևից, մի քանի վայրկյան մտածողության մեջ ընկավ: Առաջին անգամ նրա սրտում ծագեց մի թույլ կասկած Հալաբյանի մասին:
«Քույրս ճշմարիտ է ասում, — խոսեց նա մտքում, — մեր և այդ հարուստ Հալաբյանի մեջ ի՞նչ կապ կարող է լինել: Ինչ կա՞պ… չէ՞ որ նա իմ հոր բարեկամն է: Հետո՞: Ոչ, Մարոն ճշմարիտ է ասում: Մի՞թե ես այդքան պարզամիտ եմ: Մի թե Հալաբյանի բարեկամությունը մի ուրիշ նպատակ ունե: Ահա հենց այդ բանը պետք է իմանալ…
Եվ ամբողջ օրը նա քրոջ խոսքերի ազդեցության տակ էր: Որքան նա թախանձեց, որքան ստիպեց, Մարիամը այլևս ոչինչ չխոսեց այդ մասին, և միայն կրկնում էր.
— Ինքդ մտածիր:
— Հասկանում եմ, — ասաց, վերջապես, Ռուբենը, — այդպիսի մի մարդ, ինչպիսին Հալաբյանն է, եթե մի նպատակ ունե մեր վերաբերմամբ, այդ նպատակը ուրիշ ոչինչ չի կարող լինել, եթե ոչ…նա ամուրի է և գուցե... Բայց, Մարո, ես այդ կողմից բոլորովին վախ չունեմ: Դու անկախ ես... հասկանում ես, ոչ ոք, ոչ ոք չի կարող ճնշում գործել քեզ վրա... հասկանո՞ւմ ես: Գալով ինձ, երբեք, բացի եղբայրական խորհրդից, ոչինչ իրավունք մի սպասիլ ինձանից: Այո, ես հասկանում եմ միտքդ: Բայց դու երեխա չես, իսկ ես միշտ ուժ կունենամ քեզ պաշտպանելու ամեն տեսակ քեզ համար անախորժ բաներից...
— Ես այդ գիտեմ, Ռուբեն, — արտասանեց Մարիամը, տեսնելով, որ եղբայրը հասկացել է յուր միտքը, — շնորհակալ եմ: — Մի բան միայն խոսեմ, ես Հալաբյանի մասին վատ կարծիք չունեմ, բայց կրկնում եմ, նրա այցելությունը ինձ ճնշում է: Իսկ դու ինքդ կարող ես նրա հետ բարեկամ մնալ:
— Եթե այդպես է, ես այնպես կանեմ, որ նա երկրորդ անգամ այստեղ չգա, — վճռեց Ռուբենը, վերջ տալով խոսակցությանը:
XI
Հասավ այն օրը, երբ պետք է կփայլեր օրիորդ Նատալիան: Երեկոյան ինը ժամն էր, Թիֆլիսի ժողովարանի ձմեռային բնակարանում տիրում էր մի անսովոր շարժում: Իշխան Սահարունին ֆրակ և սպիտակ փողպատ հագած կարգադրություններ էր անում: Հանդիսավոր հագնված սպասավորները մի անսովոր եռանդով կատարում էին նրա աջ ու ձախ սփռվող հրամանները:
Բազմաթիվ տոմսակները վաղօրոք տարածված էին հասարակության մեջ, հույս կար, որ բարեգործական երեկույթը պիտի բազմամարդ լինի: Ժողովարանի հարյուրավոր մոմերով լուսավորված սենյակները մի առանձին շուք էին ստացել: Գլխավոր դահլիճի մի ծայրը բռնված էր վիճակախաղի իրերով: Մյուս ծայրում առանձին-առանձին կանգնած էին երեք տոմսակ վաճառող օրիորդներ, շրջապատված իրանց երկրպագու կավալերներով:
Երաժշտությունը վերնահարկից դղրդեցրեց դահլիճները:
Հանդիսականները հետզհետե հավաքվում էին: Նախասենյակում խռնված էր կոչված և անկոչ կարգադրիչների մի խումբ: Այստեղ, մի անկյունում, տրոպիկական բույսերի-տերևների միջից, երևում էր չորրորդ տոմսավաճառի գլուխը: Սանդուղքից վեր բարձրացողին ուժով քաշում էին այդ օրիորդի մոտ և ստիպում տոմսակ վերցնել:
Մոտ տասը ժամն էր, երբ, վերջապես, երևեցավ Նատալիան մոր ուղեկցությամբ:
— Նատո, այդպես չի կարելի ուշանալ, — հանդիմանեց իշխանը շշնջյունով, — ամենը քեզ են սպասում:
Սակայն Նատոն վատ էր տրամադրված, յուր քեռու նկատողությունը անուշադիր թողեց: Մադամ Կուրաժոն խաբել էր նրա հույսը, նոր հագուստը դուր չէր եկել օրիորդին, որքան սպասում էր: Նա հանդիմանել էր մադամին շատ կոպիտ խոսքերով, և վերջինը, ակնարկելով օրիորդի նիհարությունը, պատասխանել էր.
— Մադմուազել, մեղավորը ձեր ցցված ոսկորներն են, կան բաներ, որ մոդիստկան չի կարող ուղղել:
Այնուամենայնիվ Նատալիան հագել էր յուր նոր հագուստը, որ կարված էր կաթնագույն նուրբ մետաքսից և զարդարված պարիզյան վոլանսե կրուժևաներով: Նրա ուսերն ու թևերը կիսով չափ բաց էին:
ճանապարհին մայրը նրան հորդորել էր, որ մոռանա տխուր անցքը, յուր դեմքին զվարթություն տա: Բարձրանալով սանդուղքով վեր, նրա աչքերի մեջ փայլեց ինքնագոհություն, բարակ շրթունքների վրա տխրությունը տեղի տվեց սովորական գոռոզ ժպտին: Նա մի կողմնակի հայացք ձգեց հայելիի մեջ, հագուստը այնքան էլ վատ չէր նստում, որքան կարծում էր: Նա մի առանձին հաճություն զգաց, տեսնելով յուր պարանոցի կաշվի քնքշությունը, և մի անգամ ևս մտքում հայհոյեց մադմ Կուրաժոյին: Ընդհանրապես նա տգեղ չէր, կային մարդիկ, որ մինչև անգամ շատ գեղեցիկ էին համարում նրան, գովելով նրա բարակ մեջքը, երեսի գույնը և թուխ-թուխ, թանձր հոնքերը:
Նա լսեց մի քանի կոմպլիմենտներ, նրան շրջապատեցին, նա զվարթացավ: Հովհարի ծայրը, անգլիական պոլիսմենի ձևով, մոտեցրեց մի քանի ծանոթների, և ոմանք հետևեցին նրան՝ տոմսակ գնելու:
Դահլիճը հետզհետե լցվում էր, խուլ աղմուկը ավելի ու ավելի սաստկանում էր:
Հասարակության մեջ երևեցավ Ախշարումյանի սև և գեր պարանոցը: Որկրամոլը առողջացել էր: Պետք է ասած, որ մոսիո Վախվախյանը նրա հիվանդության լուրը մեծացրել էր, ինչպես սովոր էր փքել ամեն մի չնչին լուր:
— Տասը-տասը ռուբլու ամեն մի արկղից — ավել չեմ պահանջում, — դիմեց նրան իշխանը, թևից բռնելով և քաշելով տոմսավաճառների մոտ:
— Այդ բանում հավասարության օրենքին ես խիստ հակառակ եմ, — ասաց Ախշարումյանը, — ով ավելի գեղեցիկ է, նրա համար ավելի կզոհեմ: Բարեգործությունն էլ ճաշակի բան է, ես փողերս նվիրում եմ կանանց և ոչ թե գործին:
Եվ նա յուր ճաշակի համաձայն դիմեց այն արկղին, որի մոտ կանգնած էր ամենագեղեցիկը տոմսավաճառ կանանցից:
Հասարակությունը Նատալիայի քեֆովը չէր: Գերազանցող տարրը դարձյալ հասարակ վաճառականների ընտանիքներն էին: Նա անհամբեր սպասում էր «արիստոկրատներին», առանձնապես կոմսուհի Նավալիխինային: Նրա տրամադրությունը ավելի վատացավ, տեսնելով մի քանի «սյուրտուկավոր» երիտասարդներ, որ ինքնագլուխ, կոպիտ կերպով, քաշում էին սրան ու նրան և մոտեցնում տոմսավաճառներին:
— Ովքե՞ր են այդ չուչելները, — հարցրեց օրիորդը իշխանից:
Նորին պայծառափայլությունը հեգնաբար ժպտալով, պատասխանեց.
— Մեր ազգասերները:
— Որ մեջտեղ չընկնեն, լավ կլինի:
Այդ րոպեին տիկին Սոփիոն, Հալաբյանի թևից բռնած, մոտեցավ աղջկանը: Մտնելով դահլիճ, տիկնոջ առաջին հոգսը եղավ գտնել ամուրիին, երկրորդը՝ դիմավորել անվանի կոմսուհուն:
— Միթե չե՞ք պարելու, որ դուք էլ սյուրտուկով եք եկել, — հարցրեց Նատալիան դժկամությամբ:
— Ո՛չ:
— Զարմանալի է, կարծես, բոլորը երդվել են իմ բալս փչացնել այս երեկո:
— Ինչո՞ւ, տոմսակները լավ են վաճառվում, ես կարծում եմ՝ մեծ եկամուտ կունենաք:
— Շատ հարկավորս է եկամուտը, իմն այն է, որ բալս ուրախ անցնի, շքեղ լինի: Այդ սյուրտուկները ամեն բան տգեղացնում են:
Ամուրին շտապեց յուր բարեգործական տուրքը վճարելու տոմսավաճառներին: Հետո նա, օգտվելով Սոփիոյի և Նատալիայի զբաղված դրությունից, հեռացավ և խառնվեց ամբոխին: Մի քանի ժամ առաջ Ռուբենը նրա մոտ էր եղել, է նա վարպետությամբ իմացել էր, որ Մարիամն ևս երեկույթ է գալու: Անցնելով մի դահլիճից, մյուսը, ամեն տեղ աչք ածելով, նա չգտավ Մարիամին, և արդեն հուսահատվելու վրա էր, երբ մի անկյունում տեսավ Ռուբենին մի քանի երիտասարդների հետ:
— Դուք միայնա՞կ եք եկել, — հարցրել նա, չկարողանալով զսպել յուր հետաքրքրությունը:
Մինչև Ռուբենի պատասխանելը, նա տեսավ Մարիամին. Օրիորդը յուր վարժուհու հետ կանգնած խոսում էր: Պատից քարշ արած մեծ կանթեղը առատ լույսը սփռել էր նրա վրա: Եվ այդ լուսո ներքո նրա երեսի գունատությունը այնքան նկատելի չէր. աչքերի մեջ միայն փայլում էր մի տեսակ տենդային հուզմունք խառն մելամաղձոտության հետ: Նա արագ-արագ հովհարում էր իրան, անդադար նայելով աջ ու ձախ անհամբեր հայացքով: Նա հագած էր յուր բաց արճիճագույն մետաքսյա հագուստը, պարզ, առանց ավելորդ զարդարանքի:
Բարեբախտաբար Հալաբյանը կարուձևի վարժուհու հետ ծանոթ էր: Նա բարևեց, կանգ առավ և սկսեց խոսակցել: Մարիամը զգաց դարձյալ սովորական ճնշումը: Թվում էր նրան, որ ամեն կողմից յուր վրա են նայում, որ ամենը իսկույն պիտի սկսեն նրա մասին խոսել, բամբասել:
Հալաբյանը հանեց գրպանից լուր վերցրած տոմսակները, որ դեռ չէր բաց արել: : Նա կեսը տվեց վարժուհուն, կեսը Մարիամին և խնդրեք բաց անել: Բոլորը փուչ դուրս եկան: Այդ անհաջողությունը գրգռեց նրա սնահավատությունը, որից նա զերծ չէր: Նա հեռացավ և իսկույն վերադարձավ մի բուռն տոմսակներ ձեռքին: Այս անգամ Մարիամի բացածներից երկուսը նոմերով էին:
— Ձեր ձեռքը բախտավոր է ինձ համար, — ասաց Հալաբյանը խորհրդավոր եղանակով:
Նա այժմ ուրախ էր, որ պտույտ-պտույտ էր անում Մարիամի շուրջը, աշխատելով օրիորդի դեմքի վրա շարժել մի ժպիտ: Բայց վերջինս լուռ էր և մտախոհ:
Հանկարծ Մարիամը մի ցնցում զգաց: Մելիք-Բարսեղյանը անցնում էր նրա մոտով: Տեսնելով Մարիամին, նա քաղաքավարությունից դրդված մոտեցավ, արտասանելով.
— Դուք այստե՞ղ եք:
Բժիշկը ծանոթ էր Հալաբյանի հետ:
Մարիամի սիրտը ուժգին բաբախում էր: Ինչ էր այդ երկյո՞ւղ, սե՞ր, ատելությո՞ւն, թե՞ հետաքրքրություն — չգիտեր: Զգում էր միայն, որ նա դարձյալ կաշկանդում է յուր կամքը, խլում է հաստատակամության վերջին ուժը. Այն, ինչ որ մի րոպե առաջ համոզմունք էր, դարձյալ փոխվեց կասկածի: Բժիշկը խոսում էր երեկույթի մասին: Կրկին թույլ հույսի նման մի բան զարթնեց Մարիամի սրտում: Միթե ամեն ինչ վերջացած է, մի՞թե: Նրա համար ախորժելի էր հուսալ, և այդ հույսը նա ստանում էր բժշկի մի ամենաթույլ ժպտից, մի անորոշ հայացքից: Նա զգում էր բուռն ցանկություն բժշկի հետ առանձնանալու: Վախենում էր, որ մի գուցե նա թողնի իրան և հեռանա: Պետք է նրա հետ խոսել, թող ինչ ուզում է լինի, անորոշությունը ծանր է, դառն է, անտանելի է:
— Դուք չե՞ք պարելու, — հարցեց Հալաբյանը Մելիք — Բարսեղյանից:
— Ես շատ հազիվ եմ պարում:
Հալաբյանը դժգոհությունից կծեց ներքին շուրթը: Նկատելով Մարիամի դեմքի փոփոխությունը, նրա սիրտն արդեն մի կասկած էր ընկել: Արդյոք մի որևէ կապ կա նրանց մեջ, մտածում էր ամուրին: Նա զննեց բժշկին, և մի նախանձ զարթնեց նրա սրտում: Երիտասարդությունը, աշխույժ խոսակցությունը, «բժիշկ» կոչումը — ահա այդ նախանձի առաջին պատճառը: Նա սկսեց ատել բժշկին և մտածում էր ինչպես նրան հեռացնի Մարիամից:
Նրանց մոտով ծանր քայլերով անցավ տիկին Սոփիոն մի ինչ-որ վրացի իշխանի հետ: Մարիամը երեսը մի կողմ դարձրեց. Տիկինը, տեսնելով նրան Հալաբյանի հետ, մտքում գրգռվեց, նա որոնում էր ամուրիին, նրան մոտեցավ միայն բժիշկը. Երևեցավ և իշխան Սահարունին: Մարիամը վարժուհու թևից բռնելով, հեռացավ, խույս տալով թե իշխանից և թե Սոփիոյից:
— Երկու խոսք ունեմ քեզ անելու, — ասաց իշխանը առնելով Հալաբյանի թևը:
— Ի՞նչ ես ուզում ինձանից, — պատասխանեց Հալաբյանը մի այնպիսի եղանակով, որ արտահայտեց նրա խորին դժկամությունը:
— Դու անպատճառ պիտի պարես:
— Ե՞ս:
— Այո , դու:
— Դու խելագարվել ես, իշխան, ես տասը տարի է չեմ պարում:
— Իմ խաթրու պետք է պարես, թե չէ՝ էլ ինչ պռիկաշչիկ-մռիկաշչիկ ասես մեջ են ընկել, ուզում են պարել, — Քրոջս աղջկա բալը փչացնում են, նա վրդովված է: Ես արդեն մի քանի զույգ կազմել եմ, ուզում եմ, որ օրինավոր մարդիկ մեջտեղ մտնեն: Կոմսուհի Նավալիխինան այստեղ է. ամոթ է: Հալաբյանը մեծ դժվարությամբ կարողացավ ազատվել իշխանի ձեռքից և գնաց Մարիամին գտնելու:
Վիճակախաղը վերջացել էր, հատակի վրա սփռված էին պատռոտված տոմսակները: Պարերը արդեն սկսվել էին: Նատալիան վալս էր պտտում մի երիտասարդ սպայի հետ, որին նա համոզել էր պարերի կառավարիչ լինել: Դահլիճը ծայրն ի ծայր լիքն էր: Հանդիսականները, ըստ երևույթին, գոհ էին երեկույթից: Միայն մի քանիսի դեմքերն էին տխուր, նրանց, որոնք վիճակախաղի վրա կորցրել էին իրանց վերջին ռուբլիները. Մի տիկին, դահլիճի մուտքի մոտ նստած, հաշվում էր երեկույթի եկամուտը: Մի ուրիշ տիկին, հեռվից, նրան ծաղրում էր յուր խոսակիցների հետ:
— Ես զարմանում եմ, — ասում էր ծաղրողը, դեմքը ծռմռելով, — այդ մարդիկ երևակայում են, որ գործ են շինում: Ընկել են բազարները, ինչ «խլամ» ասես հավաքել են, բերել մանրավաճառի խանութ բաց արել... Ֆի դո՛ն, ես զզվում եմ:
— Եվ ի՞նչ հասարակություն են հավաքել, տեր աստված, ով որ ասես կա, — հարեց նրա խոսակիցը:
— Չէ: Չէ, գլխավորն այն է, չեն ամաչում, գնացել են ու կոմսուհի Նավալիխինային հրավիրել, խի-խի-խիի՛ :
— Սուտ իշխանի աղջկանից կամ նախկին բազազի կնկանից ավելի բան սպասել չէր կարելի:
Այսպես, բամբասանքներին, արհամարհական ակնարկներին, ժպիտներին, կծու ակնարկություններին վերջ չկար: Եվ ամենի ուշադրության կենտրոնը տիկին Սոփիոն էր յուր աղջկա հետ:
Նատալիան ստեպ-ստեպ մոտենում էր կոմսուհուն և զբաղեցնում նրան: Ամեն ճիգ գործ էր դնում, որ բարձրաստիճան տիկինը գոհ լինի և գլխավորապես այդ բանի մեջ էր տեսնում երեկույթի հաջողությունը: Տիկին Սոփիոն այնքան չէր զբաղված կոմսուհով, որքան Հալաբյանին յուր մոտ ունենալու մտքով: Իսկ Հալաբյանը չկար, չէր երևում, և տիկինը կատաղությունից մատներն էր կրծոտում, զգալով, որ նա այս երեկո ևս ընկած է Մարիամի հետևից:
Դահլիճը թնդում էր երաժշտության փողերի ու թմբուկների հնչյուններից, պարողների ոտների տրոփյունից: Մերթ ընդ մերթ լսվում էր պարագլուխ սպայի խրոխտ, բարձր ձայնը, որ ղեկավարում էր պարողներին:
— Ձերդ պայծառափայլություն, կարծյոք, բավական զվարճալի է, այս, ներեցեք ասել, բաալը — դարձավ կոմսուհուն նրա ուղեկիցներից մեկը հեգնաբար:
Կոմսուհին ժպտաց:
— Իրավունք ունեք, Պետր Աֆանասևիչ, արժեր տեսնել այս տարօրինակ հասարակությունը:
— Առանձին ուշադրության արժանի է այդ գեղեց...կու...հի...նե...րի... հագուստը, մանավանդ գրացիան, էֆ, էֆ, էֆ, — մեջ մտավ երկրորդ ուզեկիցը և սկսեց բարձրաձայն ծիծաղել:
— Պարոններ, զգույշ կացեք, մի մոռանաք, որ մենք այստեղ հյուր ենք, — սաստեց կոմսուհին շշնջյունով:
— Իսկ կառավարչուհին, ֆո, ֆո, ֆո, — հիանալի է:
— Իսկ մա՛յրը:
— Ռիստոկրատկա՛ :
— Խի խի խի, — ծիծաղեց կոմսուհին, յուր կարմիր երեսը մեծ հովհարով ծածկելով:
Նատալիան պարում էր և, միևնույն ժամանակ, աչքը չէր հեռացնում կոմսուհուց: Նկատելով վերջինի զվարթ ծիծաղը, մտքում ուրախացավ, որ բարձրապատիվ հյուրը այնքան զվարճանում է:
— Երևակայեցեք, — խոսեց դարձյալ կոմսուհու հանաքչին, — այդ սև-սև դեմքերի մեջ ես տեսնում եմ, վերջապես, մի ոչ տգեղ երես:
— Ո՞ւր է, ո՞ւր է:
Հանաքչին կոմսուհու ուշադրությունը դարձրեց Մարիամի վրա, որ այդ վայրկյանին անցնում էր նրանց մոտով միայնակ: Նա գլուխը հավանորեն շարժեց: Նույն պահին մոտեցավ նրան Նատալիան:
— Ասացեք, խնդրեմ, ո՞վ է այդ համակրելի դեմքով օրիորդը, — հարցրեց կոմսուհին:
Անզուսպ նախանձը վայրկենաբար պղտորեց Նատալիայի սիրտը, երբ տեսավ, որ կոմսուհու հավանածը Մարիամն է: Նա պատասխանեց, թե չէ ճանաչում «այդ աղջկան»:
Մարիամը Ռուբենին էր որոնում: Նա միայնակ անցավ սեղանատուն, ուր արդեն առանձին-առանձին սեղանների շուրջը նստած ընթրում էր հասարակության մի մասը: Ռուբենը այստեղ չէր, Մարիամը ետ դարձավ, և մեծ դահլիճ չհասած, տեսավ բժշկին, որ երկու երիտասարդ օրիորդների հետ տաք-տաք խոսում էր: Այդ երկուսից մեկը քաղաքի մի հարուստ ընտանիքի զավակ էր, հռչակված յուր խոշոր օժիտով:
Next page |